ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ժամանակն է դիվանագիտորեն ստուգելու Թուրքիայի հզորությունը համաշխարհային ասպարեզում․National Interest

Ժամանակն է դիվանագիտորեն ստուգելու Թուրքիայի հզորությունը համաշխարհային ասպարեզում․National Interest

Ամերիկյան National Interest հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերին՝ ուղղված համաշխարհային ասպարեզում դիվանագիտական, ռազմական և տնտեսական առումներով ազդեցության մեծացմանը՝ ուշադրություն հրավիրելով նաև նրա աշխարհաքաղաքական նկրտումներին:

«Նախագահ Էրդողանը ծրագիր ունի: Իր կառավարման 18 տարվա ընթացքում նա վերափոխել է Թուրքիան ինչպես երկրի ներսում, այնպես էլ համաշխարհային բեմում: Էրդողանի հավակնություններն ավելի մեծ են, քան պարզապես Թուրքական կայսրության ժառանգության վերականգնումը և Թուրքիան տարածաշրջանային խաղացող դարձնելը: Ավելի շուտ նա փորձում է վերադասավորել Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված լիբերալ կարգը»,- գրում է NI-ի սյունակագիր, Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը:

Ինչպես վերլուծաբանը նկատում է, Էրդողանը դա չի թաքցնում: «Նրա «Աշխարհն ավելի մեծ է, քան հինգը» կարգախոսը մերժում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամի ուժը»,- նշում է հեղինակը՝ մեջբերելով Թուրքիայում վեց տասնամյակ ուսումնասիրություն կատարած մեկ այլ փորձագետի, որի կարծիքով՝ Էրդողանի «առաջնահերթությունը նոր համաշխարհային կարգ ստեղծելն է»:

«Դա անելու համար Էրդողանը գլխիվայր շուռ է տալիս նախադեպը. մերժում է դիվանագիտությունը, առաջինն է կրակում և հույսը դնում է Արևմուտքի անգործության վրա՝ պատժից խուսափելու համար: Օրինակ՝ նա կասկածի տակ է դրել 1923 թվականի Լոզանի պայմանագիրը, որով Թուրքիայի սահմաններն են բնորոշվել, նրա աջակիցները քարտեզներ են հրապարակում՝ հարևանների տարածքները ներկայացնելով ավելի մեծ Թուրքիայի կազմում: Սրանք բյուրեղյա գնդիկներ են. մինչ Էրդողանն արդարացնում էր Թուրքիայի ներխուժումը Սիրիա՝ այն ներկայացնելով որպես հակաահաբեկչական պայքար, նրա ուժերը հաջորդիվ էթնիկ զտումներ էին իրականացնում քրդական շրջաններում»,- մեկնաբանում է հոդվածագիրը:

Ինչպես Ռուբինը նշում է, նույն գործեկերպն է կիրառվել Իրաքի դեպքում, որտեղ 1150 զինվորական է տեղակայել: Այս առնչությամբ հեղինակը մատնանշում է նաև հյուսիսային Կիպրոսի օկուպացիան Թուրքիայի կողմից:

«Անօդաչուներն ու ջիհադն իր օրակարգն են առաջ տանում: Թուրքական օդուժը և Սիրիայում հավաքագրված ջիհադականներն աջակցել են Ադրբեջանին հայաբնակ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված անսպասելի հարձակման ժամանակ, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության կողմից Հայաստան ներխուժելու հարյուրամյա տարելիցին զուգահեռ»,- շեշտում է Ռուբինը:

Փորձեգետը նշում է, որ Կատարում և Սոմալիում տեղակայված թուրքական բազաները Թուրքիային իրական տարածաշրջանային ուժ են դարձնում:

«Չափազանց երկար ժամանակ է, ինչ Պետքարտուղարությունը Թուրքիայի հարցում իր քաղաքականությունը կառուցել է ցանկալին իրականի դեղ ընդունելով: Իրականությունը հերքելը վտանգավոր է: Թուրքիան փոխվել է: Կառավարելով մոտ երկու տասնամյակ՝ Էրդողանը նոր բանակ է ստեղծել իր կերպարին համապատասխան: Միամտություն է մտածել, որ Թուրքիան կվերադառնա նախկին ստատուս-քվոյին Էրդողանի վախճանից հետո: Թուրքիան այլևս դաշնակից չէ և երբեք էլ նորից չի լինի: Ժամանակն է դիվանագիտորեն և տնտեսական առումով ստուգելու այն հզորությունը, որը Թուրքիան փորձում է ցուցադրել համաշխարհային ասպարեզում, իսկ երբ նրա դրածոները գործում են նաև Թուրքիայի ճանաչված սահմաններից այն կողմ՝ նաև ռազմական առումով»,- եզրափակում է փորձագետը:

  • Կիսվել: