Զելենսկին ժամանել է Նիդեռլանդներ՝ F-16 կործանիչների մատակարարումը քննարկելու նպատակով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հայտարարել է Նիդեռլանդներ ժամանելու մասին՝ ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումը քննարկելու նպատակով։
«Առաջին տիկնոջ և թիմի հետ միասին մենք ժամանել ենք Նիդեռլանդներ: Ինչպես միշտ, մենք առարկայական բանակցություններ կունենանք վարչապետ Մարկ Ռյուտեի հետ։ Հիմնական թեման F-16-ն է Ուկրաինայի համար՝ մեր ժողովրդին ռուսական ահաբեկչությունից պաշտպանելու համար։ Մենք ուժեղանում ենք։ Օրակարգում են նաև Խաղաղության գլոբալ գագաթնաժողովը, Խաղաղության բանաձևը և ահաբեկչական պետությանը պատասխանատվության ենթարկելը»,- գրել է Զելենսկին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահն աշխատանքային այցով մեկնել էր Շվեդիա, որտեղ հանդիպել էր վարչապետ Ուլ Քրիսթերսոնի, թագավոր Կարլ Գուստավ XVI-ի, թագուհի Սիլվիայի, խոսնակ Անդրեաս Նորլենի և խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ։