Զանգվածային ցույցեր՝ Միշել Բարնիեին վարչապետ նշանակելու պատճառով. ֆրանսիացիները դժգոհ են
Շաբաթ օրն ամբողջ Ֆրանսիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ի նշան բողոքի երկրի նախագահ Էմանուել Մակրոնի որոշման դեմ, որով վարչապետ է նշանակվել աջ կենտրոնամետ Միշել Բարնիեն։ Ձախ կուսակցությունները նրան մեղադրում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ հինգշաբթի Մակրոնը 73-ամյա պահպանողական Բարնիեին, որը Եվրամիության նախկին բանակցողն էր Brexit-ի գծով, վարչապետ է նշանակել:
Իր առաջին հարցազրույցում որպես կառավարության ղեկավար Բարնիեն ուրբաթ երեկոյան հայտնել է, որ իր կառավարություն կմտնեն պահպանողականները, Մակրոնի ճամբարի անդամները եւ, ինչպես ակնկալում է ինքը, որոշ ձախեր։
Բարնիեի առջեւ դրված է ոչ հեշտ խնդիր՝ իրականացնել ռեֆորմներ եւ պատրաստել 2025թ. բյուջեն, քանի որ Ֆրանսիան գտնվում է Եվրահանձնաժողովի եւ պարտատոմսերի շուկաների ճնշման տակ, որոնք պահանջում են կրճատել դեֆիցիտը։
Ձախերը, որոնց գլխավորում է «Չհնազանդված Ֆրանսիա» արմատական կուսակցությունը, մեղադրել են Մակրոնին դեմոկրատիայի մերժման եւ արդյունքները կեղծելու մեջ այն բանից հետո, երբ Մակրոնը հրաժարվեց թեկնածու ընտրել «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքից, որը զբաղեցրել է առաջին տեղը հուլիսյան ընտրություններում: