կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ըստ Վրաստանի վարչապետի՝ Թուրքիան տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկն է

Ըստ Վրաստանի վարչապետի՝ Թուրքիան տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկն է

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ։ Ղարիբաշվիլին իր տիկնոջ հետ ներկա է գտնվել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված արարողությանը, որը կազմակերպվել էր Վրաստանի թուրքական դեսպանատանը, հայտնում է Ermenihaber.am-ը։

Շնորհավորական ուղերձում նշվում է, որ Թուրքիան և Վրաստանն ունեն ամուր կապեր։

«Վրաստանը և Թուրքիան կապող դեր են խաղում Եվրոպայի և Ասիայի միջև։ Այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տրանսպորտը և էներգետիկան, կմնան շարժիչ ուժ  Միջին միջանցքով մեր երկրների միջև հարաբերությունների խորացման համար։ Ուրախ եմ, որ մեր երկրները հավատարիմ են տարածաշրջանային էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ներառյալ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում նախագծերը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:

Հավասարապես կարևոր է նշել, որ մեր համագործակցությունն անգնահատելի է ոչ միայն փոխադարձ տնտեսական ձեռքբերումների, այլ նաև մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման համար՝ հատկապես հաշվի առնելով անվտանգության ներկայիս տագնապալի իրավիճակը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում»,- նշել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ 100 տարվա ընթացքում Թուրքիան դարձել է հիմնական քաղաքական և տնտեսական խաղացողներից մեկը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ համաշխարհային մակարդակում։

  • Կիսվել: