կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Ընտրություններ Վրաստանում․ ովքեր են մասնակիցները և ինչ սպասել

Ընտրություններ Վրաստանում․ ովքեր են մասնակիցները և ինչ սպասել

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի 150 պատգամավորները ընտրվելու են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ մանդատները բաշխվելու են կուսակցություններին։ Վրացական ընտրություններում մասնակից ուժերը, ըստ օրենքի, պետք է կարողանան հատել 5 տոկոսանոց շեմը։

Ընտրողների 90 տոկոսը քվեարկելու է էլեկտրոնային համակարգով, մյուսները՝ 394 547 ընտրող ավանդական՝ ձեռքով քվեարկությամբ։

Հոկտեմբերի 26–ին առավոտյան ժամը ութին ամբողջ երկրում ու երկրից դուրս բացվելու են 3111 ընտրատեղամասեր։ Քվեարկության ավարտը կլինի երեկոյան ժամը 8-ին։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքում ակնկալվում է, որ ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան շատ շուտ՝ ավարտից երկու ժամ անց։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրողների ընդհանուր թիվը 3 մլն 508 294 է։ Այստեղ նախորդ տարիների փորձը հաշվի առնելով ակնկալում են, որ ընտրություններին կմասնակցի ընտրողների 60 տոկոսը։

Մասնակից ուժերը ու նրանց հնարավորությունները

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 18 կուսակցություն, որոնք կոալիցիաների կազմում մասնակցում են խորհրդարանական ընտրություններին։ Վրաստանում խորհրդարանական կառավարում է, ինչը նշանակում է, որ հաղթող ուժը կղեկավարի երկիրը հաջորդ 4 տարիների ընթացքում։

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են այն ժամանակ, երբ վրացական հանրությունը Եվրոպական Միության և Ռուսաստանի միջև ընտրության առաջ է կանգնած։ Հանրության մի ստվար զանգված ձգտում է եվրաինտեգրման, որի համար ակցիաներ, ցույցեր են իրականացվում։  Սակայն իշխանությունը վերջին շրջանում անցկացրած մի շարք օրենքներով զգալի թուլացրել է եվրոպական ազդեցությունը։

Հիմնական ուժերը, որոնք ըստ սոցհարցումների, խորհրդարան անցնելու շանսեր ունեն, հետևյալ ուժերն են

«Վրացական երազանք» (համար 41)–իշխող քաղաքական ուժն է, որի հիմնադիրը Բիձինա Իվանիշվիլին է։ Այս կուսակցությունը միավորում է նաև «Ժողովրդի ուժը» քաղաքական շարժմանը։

«Միավորում հանուն Վրաստանի փրկության» (համար 5)–այս ուժն իր մեջ միավորում է «Ազգային շարժումը» և քաղաքական նոր դեմքերի։

«Կոալիցիա փոփոխությունների համար» (համար 4)–այստեղ միավորվել են «Ազգային շարժման» նախկին անդամները։

«Ուժեղ Վրաստան» (համար 9) – Դաշինք է, որը գլխավորում է «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը։ Այստեղ միավորված են մի քանի Վրաստանում հայտնի ուժերի ներկայացուցիչներ։

«Վրաստանի համար» (համար 25) – այս միավորումը գլխավորում է Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան։ Նա միավորում է «Վրացական երազանքից» դուրս եկած նախկին գործիչներին։

Ի դեպ, ընդդիմադիր ուժերը, որոնք ունեն 5 տոկոսի շեմը անցնելու հնարավորություն, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորությամբ ստորագրել են «Վրացական խարտիա»։ Այդ ուժերի մեջ է մտնում նաև Գախարիայի ղեկավարած «Վրաստանի համար»-ը։

Պատգամավորական մանդատ կարող են ստանալ այն ուժերն ու դաշինքները, որոնք կհաղթահարեն 5 տոկոսանոց արգելքը։ Խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 76 մանդատ։ Սահմանադրական մեծամասնություն ունենալու համար խորհրդարանում պետք է ունենալ 113 տեղ։

Սոցհարցումներ

Այս օրերին հրապարակվում են սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, որոնք տարբեր և ոչ միանշանակ պատկեր են ներկայացնում։

Բրիտանական Savata ընկերությունը 1520 քաղաքացու շրջանում կատարած հարցման արդյունքներ է հրապարակել, որի համաձայն

Իշխող «Վրացական երազանքը» ստացել է 35 տոկոս, «Կոալիցիա փոփոխությունների համար»–ը՝ 19 տոկոս, «Միավորում հանուն Վրաստանի փրկության»–ը՝ 16 տոկոս, «Ուժեղ Վրաստանը»՝ 9 տոկոս, «Գախարիան Վրաստանի համար»՝ 8 տոկոս, Վրացական խարտիայի անդամներից Գիրչին՝ 3 տոկոս, Վրաստանի հայրենասերների դաշինք՝ 3 տոկոս, Վրաստանի լեյբորիստական կուսակցություն՝ 2 տոկոս։ Այլ ուժերի օգտին տրվել է 5 տոկոս։

Նման սցենարի դեպքում «Վրացական երազանքը» խորհրդարանում կարող է ունենալ 61 պատգամավոր, իսկ 4 ընդդիմադիր ուժերը միասին՝ 89 պատգամավոր։

 

Կարինե Սարգսյան

Թբիլիսի

  • Կիսվել: