չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Վրաստանը զրկվել է ԵՄ 75 մլն եվրո աջակցությունից

Վրաստանը զրկվել է ԵՄ 75 մլն եվրո աջակցությունից

Եվրամիությունը որոշել է Վրաստանին չտրամադրել մակրոֆինանսական աջակցության երկրորդ մասը՝ 75 մլն եվրոն, գրում է newsgeorgia.ge-ն:

Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարություն է տարածվել, որում նշված են օգնության դադարեցման պատճառները: Դրանք վերաբերում են դատաիրավական բարեփոխումների առաջընթացի բացակայությանը: Մասնավորապես, նշվում է, որ Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների ընտրությունը կատարվել է առանց Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ընդունման, և թեկնածուների համար հավասար պայմաններ չեն ստեղծվել: ԵՄ-ն Վրաստանի իշխանություններին կրկին կոչ է արել կատարել բարեփոխումների իրենց պարտավորությունները:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը «ձեռնպահ է մնում» ԵՄ-ի 75 միլիոն եվրո օգնության փաթեթը ստանալուց: Ղարիբաշվիլին բացատրել է, որ ԵՄ-ն այդ գումարը որպես վարկ է տրամադրում Վրաստանին, իսկ կառավարությունը որոշել է «աստիճանաբար նվազեցնել երկրի արտաքին պարտքը, հետևաբար այդ գումարը ստանալու կարիք չկա»:

150 մլն եվրո մակրոֆինանսական օգնության առաջին կեսը հատկացվել էր Վրաստանին և նրա քաղաքացիներին՝ լուծելու COVID-19 համաճարակի խնդիրները: Երկրորդ մասը պետք է փոխանցվեր մինչև 2021 թվականի վերջը: Վրաստանում ԵՄ աջակցության շնորհիվ վճարվում են պետական ​​ծառայողների աշխատավարձերը, թոշակները և սոցիալական նպաստները: ԵՄ վարկերը տրամադրվում են առավել բարենպաստ պայմաններով:

  • Կիսվել: