երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Վրաստանում ուժի մեջ մտավ «օֆշորների օրենքը»

Վրաստանում ուժի մեջ մտավ «օֆշորների օրենքը»

Այսօրվանից՝ հունիսի 4-ից, Վրաստանում սկսել է գործել «օֆշորների օրենքը»։ Խորհրդարանի կողմից օրենքի վրա դրած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոյի հաղթահարումից հետո փաստաթուղթը ստորագրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, գրում է aliq.ge-ն:

Խորհրդարանը նախագահի վետոն հաղթահարել էր մայիսի 29-ի լիագումար նիստում: «Հարկային օրենսգրքում» փոփոխությունները խորհրդարանը երրորդ ընթերցմամբ՝ 73 կողմ ձայնով, ընդունել էր ապրիլի 19-ին, իսկ մայիսի 3-ին նախագահը վետո էր դրել օրենքի վրա և դիտողություններ ուղարկել խորհրդարան:

Ուշագրավ է, որ ապրիլի 19-ին իշխող «Վրացական երազանքը» տնտեսական օգուտներ ստանալու շարժառիթով արագացված կարգով փոփոխություն է կատարել «Հարկային օրենսգրքում», որով հարկային արտոնությունները կտարածվեն օֆշորային գոտիներից բիզնեսը Վրաստան տեղափոխելու վրա։

Իշխող թիմի այդ որոշմանն ընդդիմացողները կարծում են, որ օրենքը համապատասխանում է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի շահերին և կապված է պատժամիջոցների հնարավոր ավելացման հետ։

Ուշագրավ է, որ, ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի 2021 թվականին պատրաստած ուսումնասիրության, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Իվանիշվիլին 20 օֆշորային ընկերությունների սեփականատեր է: Ընդդիմությունը և որոշ վերլուծաբաններ նույնպես մտավախություն ունեն, որ «փողերի լվացման» ռիսկը մեծանում է օֆշորային ընկերություններում չգործող հարկերի պարագայում:

  • Կիսվել: