երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանում պահանջում են վերականգնել նախագահի ընտրության կարգը

Վրաստանում պահանջում են վերականգնել նախագահի ընտրության կարգը

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հիմնադրած ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցությունը պահանջում է փոխել սահմանադրությամբ երկրի նախագահի ընտրության կարգը և թույլ տալ, որ Վրաստանի ապագա նախագահը, ընտրական կոլեգիայի փոխարեն, ուղղակիորեն ընտրվի Վրաստանի քաղաքացիների կողմից, գրում է aliq.ge-ն:

Կուսակցության անդամները պնդում են, որ դա կապահովի ապագա նախագահի բարձր լեգիտիմությունը և անկախությունը, ինչը, նրանց կարծիքով, հատկապես կարևոր է Վրաստանի ներքաղաքական սուր բևեռացվածության և տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների ֆոնին։

«Դեկտեմբերի 30-ին Բիձինա Իվանիշվիլին քաղաքականությունում հերթական անգամ հայտնվելով` ճանաչեց իշխանության հավասարակշռության խնդիրը և սահմանադրորեն այդ խնդիրը շտկելու փոխարեն` իրեն առաջարկեց որպես սեփական կառավարության հավասարակշռող։ Ժողովրդավարական համակարգերում նման բան պարզապես չկա, անընդունելի է, և, որ ամենակարևորն է՝ անհնար է, որ մեկ մարդ լինի պետության կայունության երաշխավորը, առավել ևս՝ սեփական հավասարակշռողի երաշխավորը։

Կառավարման մեջ անկախ և խիստ լեգիտիմ ինստիտուտների (ոչ թե անհատների) առկայությունը կենսական նշանակություն ունի իշխանության ճյուղերի միջև հավասարակշռության պահպանման համար: Երկրում ընթացող քաղաքական գործընթացները այդ ամենի ապացույցն են»,- հայտնում են կուսակցությունից:

Սակայն, ըստ Գախարիայի կուսակցության՝ վերջին երեք տարիների պրակտիկան ցույց է տվել, որ ուղղակիորեն ընտրված նախագահը (անկախ նրանից, թե ովքեր են եղել նրա կողմնակիցները նախկինում կամ այսօր) շատ ավելի ունակ է կատարել հավասարակշռողի գործառույթը։

Ի դեպ, «Վրացական երազանքի» կառավարությունը, 2017 թվականին սահմանադրական փոփոխությունները հաստատելով, փոխել է նախագահի ընտրության կարգը: Ըստ այդմ, Գախարիայի կուսակցության՝ նախագահին ուղղակիորեն ընտրելու նախաձեռնությունը հաստատելու համար կրկին սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ: Ներկայումս խորհրդարանում սահմանադրական մեծամասնության, այսինքն՝ 113 ձայները չեն կարող հավաքել ո՛չ մեծամասնությունը, ո՛չ ընդդիմությունը։

Այդ իսկ պատճառով Գախարիայի կուսակցությունն իշխող «Վրացական երազանքին» առաջարկում է գարնանային նստաշրջանից սկսել աշխատել այս փոփոխության վրա, և խնդրում է ընդդիմադիր խորհրդարանական քաղաքական կուսակցությունների, խմբերի ներկայացուցիչների և անկախ պատգամավորների աջակցությունը։

Ըստ նրանց, նախագահի ուղիղ ընտրության վերադարձը լիովին հնարավոր է Վրաստանի հաջորդ նախագահի ընտրությունից առաջ:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Նախագահական ընտրությունները տեղի կունենան նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանից հետո՝ 45 օրվա ընթացքում։ Սա կլինի առաջին դեպքը, երբ նախագահը կընտրվի ոչ թե ուղիղ ժողովրդի, այլ ընտրական կոլեգիայի կողմից։ Ընտրական կոլեգիան կներառի 300 անդամ՝ ներառյալ Վրաստանի խորհրդարանի բոլոր անդամները և Աբխազիայի ու Աջարիայի ինքնավար հանրապետությունների բարձրագույն ներկայացուցչական մարմինները։ Ընտրական կոլեգիայի մյուս անդամներին առաջադրում են համապատասխան քաղաքական կուսակցությունները տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմիններից՝ ԿԸՀ-ի կողմից օրգանական օրենքի հիման վրա սահմանված քվոտաների համաձայն։

  • Կիսվել: