շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վրաստանում ցուցարարները հանրային հեռարձակողի գրասենյակի մոտ պահանջում են ուղիղ եթեր

Վրաստանում ցուցարարները հանրային հեռարձակողի գրասենյակի մոտ պահանջում են ուղիղ եթեր

Վրաստանի հանրային հեռարձակողի շենքի մոտ քաղաքացիներ են հավաքվել, որոնք պահանջում են գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մագլափերիձեի հրաժարականը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Ըստ ցուցարարների՝ Հանրային հեռարձակողը չի ծառայում ժողովրդի շահերին և պատշաճ կերպով չի լուսաբանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ Ռուսթավելի պողոտայում կատարվածը:

Նշվում է, որ հանրահավաքում ելույթ է ունեցել հեռուստաալիքի աշխատակիցը, որը կոչ է արել գլխավոր տնօրենին դատապարտել իրավապահների գործողությունները և ճիշտ տեղեկատվություն հաղորդել եթերում։

Գլխավոր տնօրենի և հոգաբարձուների խորհրդի նախագահի հրաժարականի պահանջին զուգահեռ ցուցարարները պահանջում են եթեր տրամադրել։ Նրանց թվում են Հանրային հեռարձակողի մի քանի աշխատակից, այդ թվում՝ «Իրական տարածություն» հաղորդաշարի հաղորդավար Նինո Զաուտաշվիլին։ Ցուցարարները պահանջում են մասնակցություն հենց նրա ուղիղ եթերում։

Բողոքող գործընկերների հետ բանակցելու են դուրս եկել Վրաստանի հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլափերիձեն։

Հավաքվածները պահանջում էին իրենց եթեր տալ։ Բերձենիշվիլին համաձայնել է սեփական պայմաններով։ Նա այսօր՝ տեղական ժամանակով ժամը 8-ին եթեր առաջարկեց սահմանափակ թվով ցուցարարների՝ պահանջված 20-ի փոխարեն ընդամենը երեքը: Դեռ պարզ չէ, թե կողմերը կկարողանա՞ն համաձայնության գալ հեռարձակման շուրջ:

  • Կիսվել: