շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանի վարչապետը դեմ է ԼԳԲՏ երթի անցկացմանը

Վրաստանի վարչապետը դեմ է ԼԳԲՏ երթի անցկացմանը

Չնայած ծայրահեղական մի շարք խմբերի զգուշացումներին ու սպառնալիքներին, այս շաբաթ Թբիլիսիում անցկացվեց ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Հպարտության շաբաթ» (Tbilisi Pride) -ը, որն ամփոփվում է այսօր՝ Ռուսթավելի պողոտայում կայանալիք «Արժանապատվության երթով»: Քաղաքում լարված իրավիճակ է, հակաակցիա անցկացնող խմբերը կենտրոնացած են մի քանի հատվածներում, եղել են բախումներ, տուժածների մեջ նաև ԶԼՄ ներկայացուցիչներ կան, գրում է aliq.ge-ն:

Հատկանշական է, որ երթին հրապարակավ դեմ է արտահայտվել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա նպատակահարմար չի գտնում մասսայական միջոցառման անցկացումը Ռուսթավելի պողոտայում ու կազմակերպիչներին կոչ է  արել գտնել «այլընտրանքային տարբերակներ»: Այսօր Ղարիբաշվիլին ասել է, որ ակցիան բնակչության մեծամասնության համար ընդունելի չէ:

Վարչապետը հիշեցնում է` Վրացական երազանքի» իշխանության օրոք ընդունվել է սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող օրենք, միաժամանակ` սահմանադրությամբ ամրագրվել է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ կապն է:

«Մեր պետությունը պաշտպանում է բոլոր քաղաքացիների իրավունքները,  դրա համար մենք ամեն ինչ արել ենք: Նույնիսկ այսօր հակաակցիայի դուրս եկած մարդիկ իրենց կամքն են արտահայտում, դրա իրավունքն ունեն, այսօրվա երթը վտանգավոր է, չի արտահայտում մեծամասնության կարծիքն ու կենտրոնական պողոտայում անցկացնելը տեղին չէ»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Հիշեցնենք` նախորդ տարիներին ևս «Tbilisi Pride»-ի միջոցառումները Վրաստանում անցել են լարվածության ֆոնին, քայլերթը մի քանի անգամ չեղարկվել է, քանի որ հակալգբտականները սպառնում էին տապալել այն, վերջում անցկացվել է սեղմ  կազմով:

Անցյալ շաբաթ անդրադառնալով «Հպարտության շաբաթվան»՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլն ասել էր, որ իր համար բռնության, սպառնալիքների, ճնշումների և ատելության խոսքի բոլոր ձևերն անընդունելի են:

Օրեր առաջ էլ Եվրախորհրդարանի ԼԳԲՏՔ հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամները Վրաստանին հորդորեցին անցկացնել Արժանապատվության քայլերթն  ու ապահովել Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:

  • Կիսվել: