երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկության՝ իշխանության  տապալման կոչերի համար

Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկության՝ իշխանության  տապալման կոչերի համար

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայային դատապարտել է երկու տարի վեց ամսվա բանտարկության՝ Վրաստանի գործող իշխանության տապալման հրապարակային կոչերի համար: Այս մասին հաղորդում է Georgia Today պարբերականը:

Վճիռը հրապարակել է քաղաքային դատարանի դատավոր Ռոմեո Տկեշելաշվիլին: Ախալայան մեղադրվում է այն բանում, որ 2026 թվականի փետրվարի 16-ի դատական ​​նիստում հայտարարել է, որ կառավարող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պետք է տապալվի: Ախալայան ինքը դատավճռի հրապարակման պահին դատարանում ներկա չի եղել:

Ախալայան, որը Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2009-2012 թթ.՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման ժամանակ, ձերբակալվել է 2025 թվականի դեկտեմբերին: Նրան առաջադրվել է մեղադրանք 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Թբիլիսիի նախագահական պալատի վրա գրոհ կազմակերպելու համար: Հետաքննության տվյալներով՝ նա հեռախոսով համակարգել է հոկտեմբերի 4-ի զանգվածային հանրահավաքի կազմակերպիչների գործողությունները: Այդ գործով վճիռ դեռևս չի կայացվել:

 

 

  • Կիսվել: