Վրաստանի ԱԳՆ-ն համարում է, որ Եվրոպական հանձնաժողովի վիզայի վերաբերյալ որոշումը հիմնված է կողմնակալ գնահատման վրա
Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Բրյուսելում Վրաստանի և Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունների հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել վիզայի շուրջ երկխոսության շրջանակներում՝ վրացական դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրերի տերերի համար առանց վիզայի ճանապարհորդությունը ժամանակավորապես կասեցնելու ԵՄ որոշման վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Եվրոպական հանձնաժողովի որոշումն անարդար է և հիմնված է երկրում ստեղծված իրավիճակի կողմնակալ գնահատման վրա, գրում է jnews.ge-ն:
«Եվրոպական հանձնաժողովի որոշումը հիմնված է զեկույցի վրա, որը կողմնակալ է Վրաստանում ստեղծված իրավիճակի գնահատման մեջ և ինքնին թույլ չի տալիս համարժեք և օբյեկտիվ եզրակացություններ անել։ Հետևաբար, վրացական դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերերի համար առանց վիզայի ճանապարհորդությունը ժամանակավորապես կասեցնելու որոշումը՝ հիմնված անբավարար հիմնավորված եզրակացությունների վրա, անարդար է։
Այնուամենայնիվ, վիզային երկխոսության շրջանակում քննարկվել են ԵՄ-ի կողմից առանց վիզայի ուղևորությունների կասեցման մեխանիզմը նախաձեռնելու պատճառները, Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունները և այն քայլերը, որոնք Վրաստանն արդեն ձեռնարկել է կամ շարունակում է ձեռնարկել դրանք իրականացնելու համար։
Ընդգծվել է, որ Վրաստանի Սահմանադրությունը և գործող օրենսդրությունը երաշխավորում են քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ներառյալ խոսքի, հավաքների և ցույցերի ազատությունը, միավորումների ազատությունը, անձնական կյանքի գաղտնիությունը և հավասարությունը։
Նշվել է, որ երկրում գործում են մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ ազգային մեխանիզմներ, և համապատասխան ինստիտուտների ամրապնդումը շարունակվում է։ Նաև նշվել է, որ քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական ակտիվիստների կողմից կանոնավոր կազմակերպված երկար ժամանակի ընթացքում բողոքի ցույցերը խաղաղ հավաքների և ցույցերի իրավունքի ապացույցն են։
Նշվել է, որ չնայած 2024 թվականի բողոքի ցույցերի բռնի բնույթին և պետական հաստատությունների ու իրավապահ մարմինների վրա հարձակումներին, շարունակվում են քննչական գործողությունները՝ պետական ծառայողների և իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իշխանության չարաշահման, պաշտոնեական դիրքի չարաշահման և այլ խախտումների դեպքերը բացահայտելու համար: Ընդգծվել է, որ հինգ անձ ներկայումս կալանավորված է 2024 թվականի բողոքի ցույցերը ցրելու ժամանակ իշխանության չարաշահման, ինչպես նաև լրագրողական գործունեությունը խոչընդոտելու մեկ դեպքի մեղադրանքով, և նրանց նկատմամբ դատական գործընթացները շարունակվում են։
Նաև նշվել է, որ ընտրված օրենսդիր մարմնի կողմից ընդունված օրենքները չեղյալ համարելու պահանջներն անհիմն են, քանի որ այդ օրենքներն ընդունվել են Վրաստանի ազգային և հանրային շահերից ելնելով և չեն հակասում որևէ միջազգային կոնվենցիայի կամ համաձայնագրի, որին երկիրը կողմ է: Ավելին, նշվել է, որ Վրաստանի Սահմանադրությունը և օրենսդրությունը ապահովում են խտրականության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ:
Հանդիպմանը նաև քննարկվել է Վրաստանի առաջընթացը միգրացիայի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման և հետընդունման (ռեադմիսիայի) ոլորտների հադցեր։ Ընդգծվել է, որ Վրաստանը ակտիվորեն համագործակցում է ԵՄ անդամ պետությունների և համապատասխան եվրոպական գործակալությունների հետ։
Հատուկ ուշադրություն է դարձվել կոռուպցիայի դեմ պայքարին, ակտիվների որոնման բաժնի ստեղծմանը, հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակմանը և Պետական աուդիտի ծառայության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։
Աշխատանքային խումբը նշել է, որ Վրաստանի իշխանությունները շարունակում են գործնական աշխատանքը՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի կայունությունն ապահովելու համար։ Նաև ընդգծվել է, որ այս հարցի շուրջ քաղաքական մանիպուլյացիաներն անընդունելի են։
Վրացական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակել կառուցողական համագործակցությունը Եվրամիության հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հավասարության և ընդհանուր շահերի վրա, ինչպես նաև ընդգծել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կարևորությունը», — հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։



