երեքշաբթի, մարտ 11
11 / 3 / 2025
Դրական է, որ Ռուսաստանը կնպաստի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հաշտեցմանը․ Կալաձե

Դրական է, որ Ռուսաստանը կնպաստի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հաշտեցմանը․ Կալաձե

Վրաստանի կառավարությունը դրական է գնահատում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Թբիլիսիի մերձեցմանն օգնելու պատրաստակամության մասին։ Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Այն փաստը, որ Ռուսաստանը ողջունում է հաշտեցումը և կնպաստի դրան, անկասկած, դրական է։ Սակայն ես կասեի, որ այդ հայտարարություններից հետո վատ չէր լինի արդեն արդյունավետ քայլեր ձեռնարկել»,- նշել է պաշտոնյան։

Նա առաջարկել է սկսել Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման ծրագրի մշակումը։ Կալաձեն ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունն ամեն ինչ կանի հաշտեցման համար։

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժովի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ուշադրություն էր հրավիրել «պատմական հաշտեցման»՝ Թբիլիսիի պատրաստակամության վրա և նշել, որ Ռուսաստանը ընդհանուր շահագրգռվածության դեպքում պատրաստ է օգնել կողմերին «չհարձակման մասին պայմանավորվածությունների ապահովման հարցում»:

 

  • Կիսվել: