Վիկտոր Օրբանը ռազմական ուղղվածության է համարում Եվրամիության նոր բյուջեն
ԵՄ նոր բյուջեի նախագիծը կազմված է պատերազմի տրամաբանությանը համապատասխան։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի խոսքերը վկայակոչում է հունգարական M1 հեռուստաալիքը։
«Եվրամիությունը հրապարակել է յոթամյա բյուջեի նախագիծը։ Սա ծավալուն տեքստ է, ու, եթե ինչ-որ մեկը ուշադիր ուսումնասիրի այն՝ կտեսնի, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ կազմված է պատերազմի տրամաբանությանը համապատասխան։ Գումարի 20%-ը ուղղվելու է Ուկրաինային, ու, եթե ինչ-որ բան մնա՝ ծախսվելու է ոչ թե գյուղատնտեսության կամ ֆերմերների զարգացման, այլ պատերազմի նախապատրաստվելու համար»,- նշել է Օրբանը Ռումինիայի Բեիլե Տուշնադ քաղաքում։
Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը համաձայն չէ միջոցների նման բաշխմանը և ակնկալում է, որ երկու տարվա ընթացքում այն կճշգրտվի։
Նրա խոսքով՝ Հունգարիան ԵՄ նախորդ բյուջեից արդեն ստացել է սառեցված միջոցների մոտ կեսը՝ 12 միլիարդ եվրո, և չի համաձայնի հաստատել հաջորդ բյուջեի նախագիծը, մինչև չվերադարձնի մնացած գումարը։


