չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն ԱՄՆ-ին առաջարկել է աշխատել համատեղ օրակարգի շուրջ

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն ԱՄՆ-ին առաջարկել է աշխատել համատեղ օրակարգի շուրջ

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի համար առաջնահերթ խնդիր են ԱՄՆ-ի հետ հավասարակշռված և հարգալից հարաբերությունները. նա Վաշինգտոնին առաջարկել է աշխատել համատեղ օրակարգի շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք Ռոդրիգեսի տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարությունից:

«Մենք առաջնահերթ խնդիր ենք համարում ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև, ինչպես նաև Վենեսուելայի և տարածաշրջանի երկրների միջև հավասարակշռված և հարգալից միջազգային հարաբերությունները՝ հիմնված ինքնիշխան հավասարության և չմիջամտության վրա: Այս սկզբունքներն են ուղղորդում մեր դիվանագիտությունն աշխարհի մնացած երկրների հետ մեր փոխգործակցության հարցում»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նա ԱՄՆ-ին առաջարկել է «համատեղ աշխատել համագործակցության օրակարգի շուրջ՝ միտված համատեղ  զարգացմանը»՝ հաշվի առնելով միջազգային իրավունքը։

Ռոդրիգեսն ընդգծել է, որ Վենեսուելան կողմնակից է «խաղաղությանը և խաղաղ համակեցությանը» և ցանկանում է ապրել «առանց արտաքին սպառնալիքների»:

«Նախագահ Դոնալդ Թրամփ, մեր ժողովուրդները և մեր տարածաշրջանն արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի: Սա եղել և մնում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի դիրքորոշումը, և սա է ամբողջ Վենեսուելայի դիրքորոշումն այս պահին»,-ասել է նա:

  • Կիսվել: