շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Վագները» պատրաստվում է ծանր զինտեխնիկան փոխանցել ՌԴ ՊՆ-ին

«Վագները» պատրաստվում է ծանր զինտեխնիկան փոխանցել ՌԴ ՊՆ-ին

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ սկսվել են «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ծանր զինտեխնիկայի փոխանցման նախապատրաստական աշխատանքները, փոխանցում է Ինտերֆաքսը։ «Ներկայում նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում «Վագների» ծանր տեխնիկան Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ստորաբաժանումներին փոխանցելու համար»,- հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։

Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է։ Ինքը՝ Պրիգոժինը, Պեսկովի խոսքով, կմեկնի Բելառուս։

  • Կիսվել: