Ունենք կարմիր գծեր ապաօկուպացման հարցում, այն որևէ փոխզիջման ենթակա չէ. Կոբախիձե
Մեզ համար գլխավորն այն է, որ մենք ունենք մեր սկզբունքային դիրքորոշումը և ունենք մեր կարմիր գծերը, որոնք, իհարկե, կապված են ապաօկուպացման հարցի հետ։ Այս մասին, պատասխանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ ռուս-վրացական երկխոսության մասին հայտարարության վերաբերյալ հարցին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Ըստ Կոբախիձեի՝ ապաօկուպացիան իր ղեկավարած կառավարության համար կարմիր գիծ է, որը վերանայման ենթակա չէ։
«Սա մեզ համար կարմիր գիծ է։ Իհարկե, այս հարցը որևէ փոխզիջման ենթակա չէ։ Ապաօկուպացիան կարմիր գիծ է, որը մենք չենք վերանայելու»,-նշել է նա:
Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ չէ վերսկսել քաղաքական երկխոսությունը Թբիլիսիի հետ՝ Վրաստանի պայմաններով։ Նրանք նաև նշել են, որ «Ռուսաստանի որոշումը՝ ճանաչելու Աբխազիայի և Հարավային Օսիայի պետականությունը, անշրջելի է»։


