հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակումը կարող են սկսել ամռանը. Շմիգալ

Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակումը կարող են սկսել ամռանը. Շմիգալ

Ուկրաինայի զինված ուժերի՝ գրավյալ տարածքների ազատագրման համար  հակահարձակումը կարող է հետաձգվել մինչև ամառ, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Մենք ճնշում չենք զգում մեր ընկերների և գործընկերների կողմից հարձակման մեկնարկի ժամանակի հետ կապված»,- ասել է նա ամերիկյան The Hill պարբերականի հետ հարցազրույցում և հավելել. «Մեր բոլոր ընկերներն ու գործընկերները հասկանում են, որ գրոհի անցնելու համար պետք է դրան պատրաստ լինել 100 տոկոսով և նույնիսկ ավելին»:

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Ուկրաինան դեռ խնդիրներ ունի զորքերի կենտրոնացման և զինամթերքի ու տեխնիկայի հետ կապված, և ներկա պայմաններում Կիևը հնարավորություն ունի Ռուսաստանից հետ գրավել օկուպացված տարածքների միայն մի փոքր մասը, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով համացանցում հայտնաբերված աղբյուրներին և գաղտնի փաստաթղթերին: Մինչդեռ Կիևը նախատեսում է ետ գրավել Ուկրաինայի արևելյան շրջանները և առաջ շարժվելով դեպի հարավ ՝ ռուսական բանակին կտրել Ղրիմից:

Գաղտնի փաստաթղթերի արտահոսքի ֆոնին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբային հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կշարունակի «անսասան աջակցությունն Ուկրաինային և նրա տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու ջանքերին»: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ իր ուկրաինացի գործընկեր Ալեքսի Ռեզնիկովի հետ զրույցում նշել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը «շատ բան պետք է անի անհրաժեշտ հաջողությանը հասնելու համար»։

  • Կիսվել: