Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարձակվել է Կուրսկի մարզի բնակավայրերի վրա
Ուկրաինայի զինված ուժերը մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ռուսաստանի Կուրսկի մարզի Ռիլսկի և Լգովի շրջաններին։
Այս մասին հայտնել է Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը՝ տեղեկացնելով, որ գրանցվել են մարդկային վնասներ ու հրդեհներ։
Ռիլսկի շրջանում անօդաչուների հարվածի հետևանքով վնասվել են երկու հինգհարկանի բնակելի շենքեր։ Դրանցից մեկում բռնկված հրդեհը տարածվել է հարևան պատշգամբների վրա, իսկ մյուսում՝ բռնկվել է մեկ այլ բնակարան։ Խինշտեյնի տվյալներով՝ յոթ քաղաքացի տուժել է։ Տեղի հիվանդանոց են տեղափոխվել չորս հոգանոց ընտանիք՝ երկու երեխաներով (13 և 16 տարեկան), ինչպես նաև երկու կին և մեկ տղամարդ՝ բեկորային վնասվածքներով։
Լգովի Արտակովո ավանում անօդաչուի հարվածից առաջացած հրդեհի հետևանքով վնասվել են երկու շինություն և ավտոտնակ։ Մեկ շինության ներսում գտնվող երեք հոգանոց ընտանիքը ինքնուրույն դիմել է բուժօգնության։ Բժիշկներն աշխատում են նրանց հետ։
Խինշտեյնի վերջին տվյալներով՝ տուժածների ընդհանուր թիվը հասել է 14-ի։ Լգովում գիշերային հարձակման հետևանքով վիրավորվել են նաև երկու երեխա, որոնց մոտ արձանագրվել են ականապայթյունային վնասվածքներ։ Նրանք գտնվում են միջին ծանրության վիճակում։