Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է ռուսական փոքր հրթիռային նավին հարված հասցնելու մասին
Այսօր Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հայտարարել է 21631 նախագծի ռուսական փոքր հրթիռային նավի՝ «Բույան-Մ»-ին հարված հասցնելու մասին։
Նշվում է, որ գործողությանը մասնակցել են Գլխավոր հետախուզական վարչության ակտիվ գործողությունների վարչության և «Պրիզրակի» հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչները։
Նավը գտնվել է Ազովի ծովում՝ բռնակցված Ղրիմի մոտ։
«Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության «Պրիզրակի» հատուկ նշանակության ստորաբաժանման մատիկներն անօդաչու թռչող սարքի հարվածով վնասել են նավի ռադիոտեղորոշիչ կայանը, իսկ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ակտիվ գործողությունների վարչության հատուկ նշանակության ուժերը հարձակվել են «Կալիբրները» կրող նավատախտակի վրա»,- ասվում է Ուկրաինայի հետախուզական ծառայության հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև, որ հարվածների հետևանքով նավը, որը Թեմրյուկի ծոցում գտնվող «Կալիբր» հրթիռների հնարավոր արձակման գոտում է եղել, վնասվել է և ստիպված է եղել լքել մարտական հերթապահության գոտին։
Նշենք, սակայն, որ Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ Միևնույն ժամանակ, ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի ռազմածովային անօդաչու թռչող սարքը Դանուբի գետաբերանում խորտակել է ուկրաինական միջին հետախուզական «Սիմֆերոպոլ» նավը։ «Գերարագ անանձնակազմ նավակի միջոցով Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Սիմֆերոպոլ» միջին չափի հետախուզական նավը հարված է ստացել Դանուբ գետի գետաբերանում։ Հարձակման արդյունքում ուկրաինական նավը խորտակվել է»,- ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինայի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրո Պլետենչուկը հաստատել է, որ Ռուսաստանը հարվածել է ուկրաինական ռազմանավին։ Պլետենչուկն «Ուկրինֆորմ» պետական լրատվական գործակալությանը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել է մեկ մարդ, մի քանի հոգի վիրավորվել է:


