երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինայի հարցով առանց ՌԴ-ի խաղաղ բանակցություններ կանցկացվեն Սաուդյան Արաբիայում

Ուկրաինայի հարցով առանց ՌԴ-ի խաղաղ բանակցություններ կանցկացվեն Սաուդյան Արաբիայում

Օգոստոսի սկզբին Սաուդյան Արաբիայում կանցկացվեն միջազգային բանակցություններ ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ, հաստատել են Ուկրաինայի իշխանությունները։ Ըստ մամուլի՝ խորհրդակցություններին կմասնակցեն ոչ միայն Ուկրաինայի և նրա արևմտյան դաշնակիցների ներկայացուցիչներ, այլև զարգացող երկրների պատվիրակություններ։ Ռուսաստանը հրավիրված չէ գագաթնաժողովին, քանի որ դրա հիմնական թեման լինելու է Ուկրաինայի խաղաղության ծրագիրը, որը ներառում է Մոսկվայի համար անընդունելի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքների վերադարձի պահանջը։

Ըստ Wall Street Journal-ի՝ հանդիպումը կկայանա Ջիդայում՝ օգոստոսի 5-6-ը, Սաուդյան Արաբիան և Ուկրաինան հանդիպմանը հրավիրել են մոտ 30 երկրի, այդ թվում՝ ԵՄ խոշորագույն պետություններին, ԱՄՆ-ին, ինչպես նաև Հնդկաստանին, Բրազիլիային, Ինդոնեզիային, Եգիպտոսին, Մեքսիկային, Չիլիին և Զամբիային:

Պարբերականը հիշեցնում է, որ Կոպենհագենում կայացած հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի, եվրոպական մի քանի խոշոր երկրների, ինչպես նաև Բրազիլիայի, Հնդկաստանի, Թուրքիայի և Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչներ։ Բանակցություններին տեսակապի միջոցով մասնակցել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ըստ WSJ-ի լրագրողների վկայակոչած արևմտյան դիվանագետների՝ գագաթնաժողովի անցկացման վայր է ընտրվել Սաուդյան Արաբիան, քանի որ արևմտյան երկրները հույս ունեին, որ դա կօգնի Չինաստանին ներգրավել միջոցառմանը:

Բանակցությունների մասնակիցների կարծիքով՝ չինական պատվիրակության մասնակցությունը Սաուդյան Արաբիայի գագաթնաժողովին չի սպասվում, բայց և չի բացառվում։ Բացի այդ, Սաուդյան Արաբիան ավանդաբար վարում է զգուշավոր արտաքին քաղաքակնություն, չեզոք դիրքորոշում ունի ռուս-ուկրաինական հակամարտության հարցում:

Ըստ պարբերականի՝ գագաթնաժողովը տեղի է ունենում խոշոր զարգացող երկրների համակրանքի համար Կրեմլի և Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների միջև ակտիվ պայքարի ֆոնին: Նրանցից շատերը չեզոք դիրք են զբաղեցնում պատերազմի առնչությամբ:

WSJ-ի զրուցակիցների խոսքով՝ եվրոպացի պաշտոնյաները հույս ունեն, որ գագաթնաժողովի ընթացքում հնարավոր կլինի հարթել Ուկրաինայի և զարգացող երկրների միջև առկա տարաձայնությունները այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է ավարտվի պատերազմը։

Կոպենհագենում կայացած հանդիպմանը, ըստ աղբյուրների, այդ տարաձայնությունները զգալի էին. Կիևը փորձել է համոզել զարգացող երկրներին աջակցել նախագահ Զելենսկու խաղաղության ծրագրին, որը ենթադրում է Մոսկվայի հետ բանակցություններ այն դեպքում, երբ բոլոր օկուպացված տարածքները կվերադարձվեն Ուկրաինային, և ռուսական զորքերը դուրս կբերվեն։

Զարգացող երկրները հայտարարել են, որ պատրաստ են քննարկելու ընդհանուր սկզբունքները, սակայն չեն կարող աջակցել Զելենսկու ծրագրին, ասում են WSJ-ի աղբյուրները։

  • Կիսվել: