Ուկրաինայի և Հարավային Կորեայի նախագահներն անդրադարձել են ՌԴ հյուսիսկորեացի զինվորականներ ուղարկելու տեղեկություններին
Ուկրաինայի և Կորեայի Հանրապետության նախագահներ Վլադիմիր Զելենսկին ու Յուն Սեոկ Յոլը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Վլադիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ օրակարգում է եղել Կիևին Սեուլի ռազմական, հումանիտար և քաղաքական աջակցությունը:
Անդրադարձ է եղել նաև տեղեկություններին, որ Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել ռուսական բանակի կազմում Ուկրաինայի դեմ կռվելու համար: Զելենսկին տեղեկացրել է, որ 3000 հյուսիսկորեացի զինվորական տեղափոխվել է շփման գծից ոչ հեռու գտնվող ռուսական ուսումնամարզական բազաներ: Ըստ Ուկրաինայի նախագահի՝ նրանց թիվը կարող է հասցվել 12000-ի։
Նախագահները պայմանավորվել են փոխանակվել հետախուզական տվյալներով և պատասխան քայլերի ռազմավարություն մշակել: