Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հիմքը նրա բանակն է. Եվրոպական խորհրդի նախագահ
Ապագա երաշխիքների հիմքը Ուկրաինայի սեփական զինված ուժերն են, որոնք անհրաժեշտ է ուժեղացնել։ Այս մասին առցանց խորհրդակցությունից հետո, որի ժամանակ Եվրամիության անդամները քննարկել են նախօրեին Վաշինգտոնում կայացած բանակցությունները, ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան:
Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինայի ապագան կախված է ոչ միայն անվտանգության հուսալի երաշխիքներից և Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ գործարքի կնքումից, այլև նրա եվրոպական ուղուց։ Այդ պատճառով մենք պետք է առաջ շարժվենք Եվրամիության ընդլայնման գործընթացում»։
Կոշտայի խոսքով՝ առաջին քայլը պետք է լինի Ռուսաստանի կողմից բռնության դադարեցումը։
«Անկախ նրանից, թե մենք դա կանվանենք հրադադար, թե զինադադար, դա այնքան էլ կարևոր չէ։ Կարևոր է, որ մենք շարունակենք պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, եթե նա չհամագործակցի»,-նշել է նա:
Նշենք, որ Եվրախորհրդի նախագահը ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
Մեկնաբանելով Կոշտայի հետ իր զրույցը՝ Զելենսկին ասել է. «Մենք կարևոր քայլ ենք կատարել այս պատերազմի ավարտի և՛ Ուկրաինայի, և՛ ամբողջ Եվրոպայի անվտանգության ապահովման համար»:


