Ուկրաինայի ԱԳՆ-ն քննադատել է Մոնղոլիային Պուտինին չձերբակալելու համար
Մոնղոլիան «ծանր հարված» է հասցրել Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) եւ միջազգային քրեական իրավունքին՝ հրաժարվելով ձերբակալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։
«Մոնղոլիան թույլ է տվել մեղադրվող հանցագործին խուսափել արդարադատությունից՝ դրանով իսկ կիսելով պատասխանատվությունը ռազմական հանցագործության համար։ Մենք կաշխատենք գործընկերների հետ, որպեսզի դա հետեւանքներ ունենա Ուլան Բատորի համար»,- գրել է Տիխին Х սոցցանցում։
Պուտինը Մոնղոլիա է ժամանել երկօրյա պաշտոնական այցով սեպտեմբերի 2-ին։ Նրան հրավիրել է Մոնղոլիայի նախագահ Ուհնաագիյնա Հուրելսուհան։ Կրեմլում նշել են, որ ուղեւորությունը համընկել է ԽՍՀՄ-ի եւ Մոնղոլիայի հաղթանակի 85-ամյակին «ճապոնական միլիտարիստների դեմ Խալխին Գոլ գետում»։
Պուտինի այցից առաջ Ուկրաինայի ԱԳՆ-ն Մոնղոլիային կոչ էր արել «կատարել պարտադիր միջազգային ձերբակալումը եւ Պուտինին հանձնել ՄՔԴ-ին Հաագայում»։
ՄՔԴ նախագահ Ֆադի էլ-Աբդալան հիշեցրել է, որ Մոնղոլիան «պարտավորություն ունի համագործակցելու դատարանի հետ», եւ երկիրը պետք է կատարի նրա որոշումները։ «Համագործակցության բացակայության պայմաններում ՄՔԴ դատավորները կարող են համապատասխան որոշում կայացնել եւ ընդունել ցանկացած միջոց, որոնք նպատակահարմար կհամարեն»,- նշել է էլ-Աբդալան։
Bloomberg-ի տվյալներով՝ Մոնղոլիայի իշխանությունները երաշխիքներ են տվել, որ Պուտինին չեն ձերբակալի այցի ժամանակ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում չեն անհանգստանում այցի հետ կապված, քանի որ «այցի բոլոր ասպեկտները մանրամասն նախապատրաստվել են»։
Մոնղոլիան վավերացրել է Հռոմի ստատուտը 2002թ., իսկ 2023թ. երկրի ներկայացուցիչը ընտրվել է ՄՔԴ դատավոր երկամյա ժամկետով։ Պուտինի այցը Մոնղոլիա առաջինն է այդ երկիր, որը պետք է ձերբակալի նրան ըստ Հաագայի դատարանի տված օրդերի 2023թ.։ Պուտինին մեղադրում են Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստան երեխաների անօրինական տեղահանման մեջ։ Ձերբակալման օրդեր է տրվել նաեւ երեխայի իրավունքների գծով լիազոր Մարիա Լվովա-Բելովային, որին դատարանը համարել է հիմնական դեմքերից մեկը ուկրաինացի երեխաների տեղափոխման գործում։