ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինան Սև ծովում զորավարժություններ է իրականացրել՝ կիրառելով Bayraktar անօդաչուներ

Ուկրաինան Սև ծովում զորավարժություններ է իրականացրել՝ կիրառելով Bayraktar անօդաչուներ

Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները զորավարժություններ են իրականացրել Սև ծովի ջրային տարածքում՝ Խերսոնի մարզի ափամերձ հատվածներում՝ կիրառելով թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուները: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով երկրի ՊՆ տեղեկատվական գործակալությանը:

«Bayraktar TB2 հարվածային անօդաչուները թռիչքներ են իրականացրել Ուկրաինայի ցամաքային հատվածից դեպի Սև ծովում գտնվող Տենդրա կղզին: Անօդաչուները մանևրելու տարբեր ուսումնական հանձնարարություններ են մշակել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ անօդաչուների թռիչքն ու վայրէջքը կատարվել է Նիկոլաև քաղաքի օդակայանից: Տենդրա կղզում տեղակայված է ուկրաինական բազմաֆունկցիոնալ ռազմածովային զորավարժարանը, որտեղ զինծառայողները մշակում են ծովային դեսանտի վայրէջքը:

Ուկրաինայի ՊՆ-ն 2020 թվականի դեկտեմբերի 14-ին հայտնել էր ուկրաինական բանակի համար հարվածային անօդաչուներ պատրաստելու վերաբերյալ Թուրքիայի հետ համաձայնագիր ստորագրելու մասին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ պայմանագրի գումարը կազմել է 69 մլն եվրո:

  • Կիսվել: