Ուկրաինան իր 65 քաղաքացիների վերադարձրել է ռուս-վրացական սահմանից
Ուկրաինայի իշխանությունները կազմակերպել են Ռուսաստանի և Վրաստանի սահմանի բուֆերային գոտուց 65 քաղաքացիների վերադարձը: Այս մասին հայտնել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ Ուկրաինա վերադարձածների թվում կան 10 կին և 8 ծանր հիվանդ։ Նրանք հայրենիք են տեղափոխվել Մոլդովայի տարածքով տարանցիկ ճանապարհով։ «Բոլորը գտնվել են վրացական «Դարիալի» անցակետում՝ փաստացի Ռուսաստանի գործողությունների հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի պայմաններում»,- նշել են Սիբիհան և Կլիմենկոն։
Ուկրաինայի ԱԳՆ-ի տվյալներով՝ վերջին ամիսներին երկիր է վերադարձվել ևս 44 քաղաքացի։ Այսպիսով, նախորդ ամիսներին «Դարիալի» անցակետից վերադարձված ուկրաինացիների ընդհանուր թիվը կազմել է 109 մարդ։
Ուկրաինացի պաշտոնյաները շեշտել են, որ «ռուս-վրացական սահմանին մարդասիրական ճգնաժամը ծագել է հունիսի երկրորդ կեսին, երբ Ռուսաստանը միտումնավոր սկսել է ավելացնել այս անցակետ արտաքսված ուկրաինացի քաղաքացիների թիվը»։


