շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուկրաինան և Ռուսաստանը Ստամբուլում պայմանավորվել են 1200 գերիների փոխանակման շուրջ․ Զելենսկի

Ուկրաինան և Ռուսաստանը Ստամբուլում պայմանավորվել են 1200 գերիների փոխանակման շուրջ․ Զելենսկի

Ուկրաինան և Ռուսաստանը Ստամբուլում կայացած բանակցությունների երրորդ փուլից հետո պայմանավորվել են 1200 գերիների փոխանակման շուրջ։ Այն մարդկանց ցուցակների վրա, որոնց կարող են փոխանակել, աշխատանք է տարվում, իր Telegram-յան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն։

Նա հանդիպում է անցկացրել նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և ԱԱԽԽ քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։

Նրանք քննարկել են բանակցային ուղղությունը, մասնավորապես՝ Ստամբուլում ռուսաստանյան կողմի հետ հանդիպումների պայմանավորվածությունների կատարումը և նոր հանդիպման նախապատրաստումը։

«Առանցքային հարցերի թվում է ռազմագերիների փոխանակումների շարունակությունը։ 1200 մարդու փոխանակման պայմանավորվածություն կա, ցուցակների վրա աշխատանքը շարունակվում է։ ԱԱԽԽ քարտուղարը զեկուցել է ռուսաստանյան ներկայացուցչի հետ հաղորդակցության մասին», - նշել է Ուկրաինայի նախագահը։

 

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան նաև աշխատում է քաղաքացիական անձանց վերադարձն ապաշրջափակելու ուղղությամբ, ճշտվում են յուրաքանչյուր ազգանվան վերաբերյալ տվյալները։

Երմակը զեկուցել է առանցքային գործընկերների հետ փոխգործակցության, մասնավորապես՝ ամերիկյան կողմի հետ շփումների և Ռուսաստանից երեխաների վերադարձի ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին։

  • Կիսվել: