ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինական ու հունգարական կողմերը բանակցում են երկու երկրի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

Ուկրաինական ու հունգարական կողմերը բանակցում են երկու երկրի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

Ուժգորոդ քաղաքում սկսվել են Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի և Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակի ու Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի միջև բանակցությունները՝ երկու երկրի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտնում են Ուկրաինայի ԱԳՆ-ից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև բանակցությունների նախապատրաստման հարցը։ Երմակը Telegram-ի իր ալիքում գրել է, որ աշխատում են հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է անկեղծ և կառուցողական երկխոսություն», Կիևը պատրաստ է դրան։

Մինչև Ուժգորոդի հանդիպումը, Հունգարիայի արտգործնախարարը սահմանամերձ Զախոն քաղաքում Ուկրաինայի Անդրկարպատյան շրջանի վարչակազմի նախագահ Վիկտոր Միկիտայի հետ քննարկել է այնտեղ բնակվող հունգար փոքրամասնության իրավունքների պաշտպանության խնդիրը։

Բուդապեշտը Կիևից պահանջում է Անդրկարպատներում հունգար փոքրամասնության իրավունքների վերականգնում և նախազգուշացրել է, որ հակառակ դեպքում չի աջակցի Ուկրաինայի եվրաինտեգրմանը։ Դեկտեմբերի 8-ին Գերագույն ռադան օրենք է ընդունել ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին: Փաստաթուղթը նախատեսում է մի շարք լեզվական սահմանափակումների վերացում այն ազգային փոքրամասնությունների համար, որոնք օգտագործում են Եվրամիության պաշտոնական լեզուները։ Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ կհետևի, թե ինչպես է օրենքը կիրառվում գործնականում:

Բուդապեշտը ներկայումս արգելափակում է Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ որոշումների մեծ մասը, ներառյալ 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության ութերորդ տրանշը, 2024 թվականին 5 միլիարդ եվրո ռազմական աջակցությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամից, չորս տարվա համար 20 միլիարդ ռազմական օգնության ավելի լայն փաթեթը, ինչպես նաև 2024-2027 թվականների համար 50 միլիարդ մակրոֆինանսական օգնությունը:

  • Կիսվել: