ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատել Ղազախստանի ընտրությունները

Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատել Ղազախստանի ընտրությունները

Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի (TURKPA) դիտորդների առաքելությունը բարձր է գնահատել Ղազախստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները՝ նշելով դրանց համապատասխանությունը թափանցիկության սկզբունքներին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է առաքելության ղեկավար, թուրք պատգամավոր Ռեջեփ Շեքերը։

«Առաքելությունը գոհ է ընտրական գործընթացին նախապատրաստվածության մակարդակից և բարձր է գնահատում այս ընտրությունները: Առաքելությունը նաև դրական է գնահատում բոլոր այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են այս ընտրությունների կազմակերպման համար»,- ասել է նա օտարերկրյա դիտորդների մամուլի կենտրոնում։

Նրա խոսքով՝ ընտրական գործընթացն անցել է կանոնակարգով։

«TURKPA դիտորդական առաքելությունը կարծում է, որ այս ընտրություններն անցկացվել են թափանցիկության և արդարության սկզբունքներին համապատասխան», – եզրափակել է Շեքերը։

Վեհաժողովի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականին Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Թուրքիայի խորհրդարանների նախագահների կողմից։

Կիրակի օրը Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններ են տեղի ունեցել։ 19 տարվա մեջ առաջին անգամ դրանք կազմակերպվել են խառը համակարգով՝ պատգամավորների 70%-ն ընտրվում է կուսակցական ցուցակներով, 30%-ը՝ միամանդատ ընտրատարածքներից։ Երեկ երեկոյան հրապարակված երեք հասարակական կարծիքի սոցհարցումների տվյալների համաձայն՝ երկրի ամենամեծ կուսակցությունը՝ «Ամանաթ»-ը, 53%-ից ավելի արդյունքով գլխավորում է ընտրությունները, երկրում գրանցված յոթ կուսակցություններից միայն հինգ-վեցը կարող են հաղթահարել 5%-ի շեմը՝ մտնելով ստորին պալատ:

  • Կիսվել: