Թվում է, թե Գազայի հիվանդանոցի վրա հարձակումն իրականացրել է «այլ թիմ»․ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ թվում է, թե Գազայի հիվանդանոցի վրա հարձակումն իրականացրել է «այլ թիմ»։
Հոկտեմբերի 17-ին հարձակման է ենթարկվել Գազայի հատվածի Ալ-Ահլի հիվանդանոցը։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհվել է ավելի քան 500 մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են: Հակամարտող կողմերը մեղադրում էին միմյանց. Պաղեստինում ասում էին, որ հարձակումն իրականացրել են իսրայելական ինքնաթիռները, իսկ Իսրայելում՝ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման կողմից անհաջող արձակված հրթիռը հարվածել է հիվանդանոցին։
«Հիմնվելով այն ամենի վրա, ինչ ես տեսա, թվում է, որ դա արվել է այլ թիմի կողմից, քան դուք», - ասել է Բայդենը՝ նստելով Նեթանյահուի կողքին:
Նա հավելել է, որ Վաշինգտոնը Թել Ավիվին կտա այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար, գրում է The Guardian-ը։
Իսկ Իսրայելի նախագահը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցից առաջ իր բացման խոսքում չի հիշատակել Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա հարձակումը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ իսրայելական բանակը կապ չունի Գազայի հիվանդանոցի վրա հարձակման հետ։
Մամուլի ասուլիսում բացման խոսքից հետո Բայդենն ու Նեթանյահուն ԶԼՄ ներկայացուցիչներին պարզապես խնդրեցին լքել սենյակը: