ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Տուժել է 6 ցուցարար, 21 ոստիկան, ձերբակալվել է ակցիայի 5 կազմակերպիչ. վրաստանյան իրադարձություններ

Տուժել է 6 ցուցարար, 21 ոստիկան, ձերբակալվել է ակցիայի 5 կազմակերպիչ. վրաստանյան իրադարձություններ

Թբիլիսիում ՏԻՄ ընտրությունների ֆոնին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է 6 ցուցարար և 21 ոստիկան, հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը: Եվս 30 մարդ տեղում բուժօգնություն է ստացել։ Ոստիկաններից մեկի առողջական վիճակը ծանր է, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Վրաստանի վարչապետը ԵՄ դեսպանի վրա է դրել Թբիլիսիում անկարգությունների և սահմանադրական կարգը տապալելու փորձերին աջակցելու պատասխանատվությունը։

Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ օտարերկրյա գործակալները կչեզոքացվեն և կզրկվեն վրացական քաղաքականությանը մասնակցելու հնարավորությունից։

Ձերբակալվել են հոկտեմբերի 4-ի ակցիայի կազմակերպչական կոմիտեի անդամներից Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն:

Ընտրապայքարին մասնակցել է 12 կուսակցություն, 7 հազարից ավելի թեկնածուով:

Ընդդիմադիր 8 կուսակցություն բոյկոտել է ընտրությունը:

Սկզբում ցուցարարները հավաքվել էին Ազատության հրապարակում, ապա նրանց որոշ մասը շարժվել էր դեպի երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու նստավայր:

Իրավապահները Վրաստանի նախագահի նստավայր ներխուժած ակցիայի մասնակիցների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանի 64 քաղաքներում, այդ թվում՝ նաև մայրաքաղաք Թբիլիսիում, ՏԻՄ ընտրություններ են անցկացվել:

Հոկտեմբերի 5-ին՝ այսօր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո հայտնել է, որ Վրաստանի իշխող կուսակցությունը ներկայացնող` Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն ստացել է ձայների ավելի քան 71%-ը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: