չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թույլ մի տվեք 108 տարի հետո նույն ցեղասպան պետության փոքր եղբայրը շարունակի նույն ցեղասպանական քաղաքականությունը․ ԵՀՀ

Թույլ մի տվեք 108 տարի հետո նույն ցեղասպան պետության փոքր եղբայրը շարունակի նույն ցեղասպանական քաղաքականությունը․ ԵՀՀ

Եվրոպայի հայերի համագումարը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ Կոչ է ուղղել Եվրոմիության, Եվրոպական կառույցներին եւ միջազգային հանրությանը, այն ներկայացնում ենք ստորև․

«108 տարի առաջ հայ ժողովրդի դեմ կատարվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այդ ցեղասպանությանը զոհ գնաց ոչ միայն 1.5 միլիոն մարդ, այլ հայ ժողովուրդը կորցրեց նաեւ իր պատմական հայրենիքի մեծ մասը:

Օսմանական Թուրքիայի ցեղասպան ղեկավարները չպատժվեցին, աշխարհը տասնյակ տարիներ մնաց լուռ ու անտարբեր:

Թուրքական ցեղասպան քաղաքականությունը շարունակվեց եւ դեռ շարունակվում է տարբեր եղանակներով, ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ նրա կրտսեր եղբոր՝ Ալիեւվյան կլանի՝ Բաքվի ղեկավարների միջոցով:

Տարիների ընթացքում Խորհրդային Միության ժամանակներից սկսած հայաթափվեց Նախիջեւանի հայությունը, ոչնչացվեց եւ գետնին հավասարեցվեց հայկական պատմական ողջ ժառանգությունը:

Հազարավոր տարիներ Արցախում ապրած հայությունը ենթարկվեց հալածանքների եւ կոտորածների՝ Թուրքիայի աջակցությամբ նոր ծնված մի այնպիսի պետության կողմից, որը պատմության զեղծարարությամբ, Իրանից գողացավ նրա պատմական շրջաններից Ադրբեջան անունը, փոխեց մինչեւ 1936 թվականը պաշտոնապես հայտարարված ժողովրդի թաթար անունը եւ աչք տնկեց հարեւան բոլոր ազգերի եւ երկրների պատմության եւ սուվերեն տարածքների վրա:

Խորհրդային Միության փլուզման տարիներին Ադրբեջանում տեղի ունեցան Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի ջարդերը, հայաթափվեցին Շահումյանի ու Գետաշենի շրջանների ողջ հայույյունը եւ այսպես շարունակ...

Արցախահայությունը քաջ գիտակցելով իր գոյությանը սպառնացող վտանգը քաջաբար պայքարել ու պայքարում է ձեռք բերելու իր ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքը: Արցախը հաջողեց անհավասար պայքարում կասեցնել Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, սակայն հակամարտությունները չավարտվեցին:

2020 թվականին Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծեց նոր պատերազմ:

Թուրքիայի, Պակիստանի, Սիրիական ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ եւ Ռուսական ու Իսրայելական զենքի միջոցով Ադրբեջանը հասավ հաղթանակի: Եվ շարունակվեց ցեղասպանական քաղաքականությունը, այս անգամ ո'չ միայն Արցախի ժողովրդի դեմ, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների նկատմամբ ոտնձգություններով:

Նավթով գազով ու խավիարական քաղաքականությամբ զինված՝ Եվրոպայի ու Արեւմուտքի աչքին կեղծ խաղաղարարի դիմակով, Ադրբեջանը շարունակեց իր էտնիկ զտման եւ Արցախի հայաթափման քաղաքականությունը:

Դեկտեմբերի 12-ից մինչ այսօր, հակառակ Եվրոմիության կառույցների եւ միջազգային կազմակերպությունների կոչերին ու միջազգային արդարադատության դատարանի հստակ որոշմանը, որը դատապարտելով Ադրբեջանի անմարդկային գործողությունները պահանջում է անհապաղ դադարեցնել Արցախը Հայաստանին կապող Լաչինի (Բերձորի) միակ միջանցքը, Ադրբեջանը բացահայտորեն անտեսելով բոլոր կոչերը շարունակում է Արցախը հայաթափելու իր ցեղասպան քաղաքականությունը:

Արդեն 5 ամիս է ինչ Արցախահայությունը կանգնած է մարդկային արհավիրքի առաջ: Խափանված է մարդկանց ազատ տեղաշարժը, ստիպում են, որ մարդիկ Արցախից հեռանան անվերադարձ: Հիվանդները չեն ստանում բավարար բուժօգնություն, մթերային խանութները դատարկ են, երեխաները անխնամ եւ անօգնական:

Արդեն քանիերրորդ անգամ շարունակաբար բացվում եւ փակվում են Հայաստանից մատակարարվող գազն ու էլեկտրականությունը:

Ցավոք գազի, նավթի ու խավիարի արժեքը այսօր ավելի մեծ է քան մարդու իրավունքները, ազատությունը եւ ժողովրդավարությունը:

Այս գործում մեղսակից է Ռուսաստանը, ով հակառակ իր դաշնակցային պարտավորությունների՝ Թուրքիայի հետ զուգահեռ՝ Հայաստանյան եւ Արցախյան ճակատում իր խաղաղարար զորքի լռելյան մեղսակցությամբ անտեսում է այն պարտավորությունները, որ հանձն է առել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով:

Եվրոպական միությունից եւ միջազգային կառույցներից սպասում եւ պահանջում ենք հավատարիմ մնալ իրենց որդեգրած համամարդկային արժեքներին, ազատություններին եւ ժողովրդավարությանը, Հայաստանի Հանրապետությանը չթողնել միայնակ, այլ պատժամիջոցների ու հստակ ճնշումների միջոցով ստիպեն Ադրբեջանին՝ հարգել կայացած համաձայնությունները եւ կարտարել միջազգային դատարանի որոշումները:

Եվրոպական դիտորդական առաքելությունը Հայաստան ողջունելի է եւ գնահատելի՛, բայց ո'չ բավարար:

Եվրոպայի Հայերի համագումարը որպես Եվրոպական ընտանիքում ակտիվ գործող հասարակական կառույց, միջազգային հանրությունից եւ կառույցներից պահանջում է հարգել եւ տեր կանգնել իրենց որդեգրած սկզբունքներին եւ կասեցնել նոր ցեղասպանական գործողությունները:

108 տարի առաջ իր հայրենիքում աշխարհի աչքերի առջեւ ցեղասպանության ենթարկվեց հայ ժողովուրդը եւ մեղավորները մնացին անպատիժ եւ դեռ ժխտում են ցեղասպանությունը:

Թույլ մի տվեք 108 տարի հետո նույն ցեղասպան պետության փոքր եղբայրը օգտվելով իր նավթից ու գազից, խավիարի համով շարունակի նույն ցեղասպանական քաղաքականությունը»,- ասված է հաղորդագրությունում»:

  • Կիսվել: