երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 43 000-ը

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 43 000-ը

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 43 000-ը: Սիրիայում վերջին տվյալով զոհվել է շուրջ 9000 մարդ: Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ուժերը հայտարարել են, որ ավարտել են որոնողափրկարարական աշխատանքները։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է այն փաստը, որ Դամասկոսը համաձայնություն է տվել երկու լրացուցիչ անցակետ բացելուն՝ սիրիական կառավարության կողմից չվերահսկվող տարածքներ մարդասիրական օգնություն հասցնելու համար։

Միքդադը նշել է, որ Սիրիայում երկրաշարժի հետևանքներն առավել կործանիչ են ահաբեկչության դեմ 12 տարվա պատերազմի, զինյալների դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև երկրի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով:

Լրատվամիջոցները գրում են, որ Սիրիայում երկրաշարժից տուժածներին օգնությունը դժվարությամբ է տեղ հասնում, քանի որ մարդասիրական բեռներն անցնում են հակամարտող ուժերի գոտիներով:

Թուրքիայում զոհերի թիվը հատում է 35 000-ը: Տուժել է 81 հազարից ավելի բնակիչ: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ փետրվարի 6-ից հետո Թուրքիայում ավելի քան 3000 հետցնցում է գրանցվել։

  • Կիսվել: