Թուրքիայում ձերբակալել են Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ կասկածվող մոտ 50 մարդու
Թուրքիայում ձերբակալել են Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ կասկածվող մոտ 50 մարդու։ Այս մասին X սոցցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Ինչպես նշել է նախարարը, երկու շաբաթվա ընթացքում գործողություններ են անցկացրել Թուրքիայի 23 նահանգում։
Դրանց արդյունքում ձերբակալել են 47 քաղաքացու, nրոնցից 33-ը կալանավորվել են։
Հիշեցնենք` Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։
Ըստ Թուրքիայի իշխանությունների` Գյուլենն այդ գործողությունը ծրագրել և իրականացրել է երկրի ուժային կառույցներում ու հատկապես զինված ուժերում ներդրված մարդկանց ու համակիրների միջոցով։ Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերի հազարավոր սպաներ ու զինվորներ ձերբակալվեցին, տասնյակհազարավորներն էլ հեռացվեցին աշխատանքից։
Գյուլենը, որը գտնվում էր ԱՄՆ-ում, դատապարտել էր հեղաշրջման փորձը և հերքել իրեն առաջադրված մեղադրանքները։