Թուրքիայում բոլոր օդանավակայաններում սպառնալիքի մակարդակը բարձրացվել է հնարավոր ահաբեկչությունների պատճառով
Թուրքիայի բոլոր օդանավակայաններում սպառնալիքի մակարդակը հինգշաբթի բարձրացվել է «նարնջագույնի»՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո օդային նավահանգիստներում ահաբեկչությունների վտանգի պատճառով, գրում է Hürriyet թերթը։
«Թուրքիայում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո... Սպառնալիքի մակարդակը հասցվել է նարնջագույնի՝ կապված ահաբեկչական խմբավորումների՝ օդանավակայաններում ահաբեկչություններ իրականացնելու պլանների հետ», - գրում է թերթը։
Թերթի ներկայացմամբ՝ օդանավակայաններ մտնող մեքենաների ստուգումները կատարվում են ուշադիր, անվտանգության աշխատակիցները ստուգում են ուղեւորների փաստաթղթերը։
Քաղաքի արևելքում գտնվող Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի օդանավակայանը սոցցանցերում ուղևորներին զգուշացրել է օդանավակայանում լրացուցիչ ստուգումների մասին և հորդորել նրանց ժամանել մեկնումից առնվազն երեք ժամ առաջ:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Անկարայում ռազմական ինքնաթիռներ և տիեզերական տեխնիկա արտադրող թուրքական TUSAŞ կորպորացիայի շենքի մոտ, որին հաջորդել են կրակոցներ։ Իրավապահ մարմինները վերացրել են երկու հարձակվողներին: Անկարայի գլխավոր դատախազությունը ահաբեկչության հետաքննություն է սկսել։
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 22-ը։ Թուրքական իշխանությունները կարծում են, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, ամենայն հավանականությամբ, իրականացրել են Քրդստանի բանվորական կուսակցության անդամները, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։