չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիայում 61 փաստաբան պահանջում են քրգործ հարուցել Էրդողանի դեմ երկրաշարժի կապակցությամբ

Թուրքիայում 61 փաստաբան պահանջում են քրգործ հարուցել Էրդողանի դեմ երկրաշարժի կապակցությամբ

Թուրքիայում մի խումբ իրավաբաններ հայտարարել են, որ ավերիչ երկրաշարժի զոհերի համար պատասխանատվություն են կրում կառավարության մի շարք անդամներ, նահանգապետները ու քաղաքապետները, կառուցապատողները և կապի օպերատորները։ Այս մասին հայտում է Ermenihaber.am-ը։ 

Պաշտոնատար անձանց շարքում հիշատակված է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի անունը: 61 հոգուց բաղկացած հայտնի փաստաբանների խումբը վերոնշյալ անձանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական դատախազություն: Հաղորդման մեջ պահանջվում է դատական գործընթաց սկսել նրանց դեմ՝ առաջ քաշելով մեղադրանքներ 11 տարբեր հոդվածներով:

Փաստաբանների կողմից պաշտոնյաներին վերագրվող հանցագործություններն են «հավանական դիտավորությամբ առաջացնել մեկից ավելի անձանց սպանություն և վիրավորում», «դիտավորյալ անփութություն», «վերահսկիչ պարտականությունների անտեսում», «ծառայողական պարտականությունների չարաշահում», «սպառնալիք», «վիրավորանք», «կապի արգելափակում», «աջակցության կամ ծանուցման պարտավորություն չկատարելը», «մրցույթի արդյունքների կեղծում», «կոռուպցիա», «հանցագործության ապացույցներ ոչնչացնելը, թաքցնելը կամ փոխելը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժերի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով հասել է 42 հազարի:

  • Կիսվել: