երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայի տնտեսությունը 34 մլրդ դոլարի վնաս է կրել երկրաշարժից, 1,25 միլիոն մարդ անօթևան է

Թուրքիայի տնտեսությունը 34 մլրդ դոլարի վնաս է կրել երկրաշարժից, 1,25 միլիոն մարդ անօթևան է

Թուրքիայի ավերիչ երկրաշարժների հասցրած նյութական վնասը կազմում է 34.2 միլիարդ դոլար (645 մլրդ 884 մլն 100 հազար թուրքական լիրա)։ Այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Թուրքիայի գրասենյակի տնօրեն Հումբերտո Լոպեսը՝ ներկայացնելով «Գլոբալ արագ աղետների վնասի գնահատման (GRADE) զեկույցը», գրում է ermenihaber.am-ը։

Նա նաև նշել է, որ հիշյալ ցուցանիշը համապատասխանում է Թուրքիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4%-ին։

Զեկույցում նշված է, որ շարունակվող հետցնցումները կարող են ժամանակի ընթացքում ավելի մեծացնել վնասի չափերը:

Ընդգծելով, որ երկրաշարժի շրջանը ներառում է նաև Թուրքիայի աղքատության ամենաբարձր մակարդակ ունեցող նահանգներից մի քանիսը՝ զեկույցում ասվում է, որ տարածաշրջանում տեղակայված է սիրիացի փախստականների գրեթե 50 տոկոսը՝ ավելի քան 1.7 միլիոն փախստական։

Զեկույցում նաև հաշվարկվել է, որ 1.25 միլիոն մարդ ժամանակավորապես անօթևան է մնացել շենքերի ամբողջական կամ մասնակի փլուզման պատճառով:

Թուրքական կողմի պաշտոնական տվյալների համաձայն՝ 44.374 մարդու կյանք խլած երկրաշարժների պատճառած վնասի ծավալը դեռևս հստակեցվում է:

 

  • Կիսվել: