շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև Հարավային Կովկասի զարգացումները

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև Հարավային Կովկասի զարգացումները

Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը: Հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ անդրադարձ կա Հարավային Կովկասում զարգացումներին:

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան բանակցությունները, խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Ըստ հաղորդագրության՝ «անդրադարձ է եղել այդ հարցերին արտատարածաշրջանային դերակատարների միջամտության փորձերին»։

Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված անկեղծ ջանքերին, որոնք կնպաստեն տարածաշրջանի բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում կայունությանն ու բարգավաճմանը‎։

Փաստաթղթում անդրադարձ կա նաև Գազայի հատվածում և Ուկրաինայում իրավիճակին: Նշվում է, որ «Իսրայելը վաղ թե ուշ պատասխանելու է իր կատարած անմարդկային հանցագործությունների համար»: Թուրքական կողմի համոզմամբ՝ հարատև խաղաղություն կարող է հաստատվել «միայն անկախ, ինքնիշխան Պաղեստինի ստեղծման դեպքում»:

Ըստ հաղորդագրության՝ տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վրա ազդում է նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը: Ընդգծվել է անհապաղ խաղաղություն հաստատելուն ուղղված քայլեր ձեռնարկելու կարևորությունը։

  • Կիսվել: