ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիան պիտի փոխհատուցում վճարի գերմանացի լրագրողին կալանքի տակ պահելու համար

Թուրքիան պիտի փոխհատուցում վճարի գերմանացի լրագրողին կալանքի տակ պահելու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշել է, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի ազատության և անվտանգության մասին 5-րդ և խոսքի ազատություն մասին 10-րդ կետերը՝ կալանքի մեջ պահելով գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին։ Ըստ այդմ՝ Թուրքիան պետք է Դենիզ Յուջելին որպես բարոյական փոխհատուցում վճարի 12.300 եվրո և ևս 1000 եվրո դատական ծախսերի համար։ 

Լրագրող Դենիզ Յուջելը, որը 5 տարի առաջ էր դիմել ՄԻԵԴ-ին, Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ գոհացուցիչ բնորոշելով կայացված վճիռը։ Յուջելը, սակայն, քննադատել է, որ դատարանը խոշտանգման արգելքի խախտում չի տեսել գործում՝ չնայած ինքը 9 ամիս շարունակ մեկուսացված է եղել Սիլիվրիում, 3 օր ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական բռնության և այդ ամենը քաղաքական հրահանգներին համապատասխան է իրականացվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայում «Die Welt» թերթի ներկայացուցիչ Դենիզ Յուջելը ձերբակալվել էր 2017 թվականի փետրվարի 14-ին «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն անելու» և «ժողովրդին ատելության և թշնամանքի հրահրելու» մեղադրանքներով։ Նրա կալանավորումը լարվածություն էր առաջացրել թուրք-գերմանական հարաբերություններում։

  • Կիսվել: