շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիան իր օգնությունն է առաջարկել Սերբիային և Կոսովոյին

Թուրքիան իր օգնությունն է առաջարկել Սերբիային և Կոսովոյին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի և Կոսովոյի ԱԳ նախարար Դոնիկա Գերվալլա Շվարցի հետ։

«Սերբիայի և Կոսովոյի սահմանին լարվածության հետ կապված՝ հեռախոսազրույց եմ ունեցել սերբ և կոսովցի գործընկերներիս հետ։ Թուրքիան միշտ աջակցել է խաղաղությանն ու կայունությանը Բալկաններում»,- թվիթերյան էջում գրել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ լարվածության նոր ալիքը ոչ մի օգուտ չի բերի կողմերին, հայտնում է Tert.am-ը։

Թուրքիան պատրաստ է ջանքեր գործադրել երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար, հավելել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Կոսովոյում իրավիճակը սրվել է կիրակի երեկոյան։ Կոսովոյի իշխանությունները նոր որոշում են կայացրել Կոսովոյի անձնագրերի և պետհամարանիշների օգտագործման մասին բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ սերբերի համար։ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանում ապրող սերբերին անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը վերագրանցել իրենց մեքենաները չճանաչված պետության նորմերին համապատասխան։ Այս որոշումից հետո Հյուսիսային Կոսովոյում բնակվող սերբերն արգելափակել են անցակետերը։ Դրանից հետո Կոսովոյում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ Ոստիկանությունը հայտնել է, որ որոշ շրջաններում կրակոցներ են հնչել, սակայն տուժածներ չկան: 

Ավելի ուշ հաղորդվել է, որ Կոսովոյի  ղեկավարությունը մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 1-ը, հետաձգել է սերբական փաստաթղթերի վրա արգելք սահմանելու ընթացակարգը։ Հանրապետության իշխանությունները պահանջել են վերացնել բոլոր բարիկադները և սահմանել տեղաշարժի լիակատար ազատություն Կոսովոյի հյուսիսում:

  • Կիսվել: