Թուրքիան հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակումներին չի աջակցում
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է տեղեկությունները, թե Անկարան իբրև թե աջակցում է Իրանի վրա հարձակումներին: Անկարայից հայտնել են, որ երկիրը չի մասնակցում այնպիսի հակամարտությունների, որոնց կողմ չի հանդիսանում և իր ռազմական ենթակառուցվածքները չի տրամադրում որևէ պետության շահերի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությանը կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Որոշ սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, թե Թուրքիան աջակցում է Իրանի վրա վերջին հարձակումներին, լիովին անհիմն են և ապատեղեկատվություն»։
Ընդգծվում է նաև, որ Թուրքիան իր օդային, ցամաքային կամ ծովային ուժերը, այդ թվում՝ օդային տարածքը, օպերատիվ նպատակներով որևէ կողմի չի տրամադրում, ինչը երկրի արտաքին քաղաքականության և անվտանգության հիմնարար սկզբունքներից է։
Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ Թուրքիայի ինքնիշխան իրավունքները օդային, ցամաքային և ծովային տարածքի նկատմամբ լիակատար և անվիճելի են, և այդ տարածքների վերաբերյալ ցանկացած որոշում կայացվում է բացառապես ազգային անվտանգության գնահատականների հիման վրա և լիազոր մարմինների հսկողության ներքո։


