Թուրքիան Եվրոպական խորհրդարանում քննարկել է ԵՄ անդամակցության հարցը
Նոյեմբերի 28-ին Ստրասբուրգի Եվրոպական խորհրդարանում մեկնարկել է Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) համատեղ խորհրդարանական հանձնաժողովի 81-րդ նիստը, գրում է ermenihaber.am-ը:
Երկօրյա նիստին Թուրքիայի կողմից մասնակցում են Ստամբուլի պատգամավոր և հանձնաժողովի համանախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը, իսկ ԵՄ կողմից՝ հանձնաժողովի նախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էմանուիլ Կեֆալոգիաննին։ Նիստին ներկա է նաև ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆարուք Քայմաքչըն։
Օրակարգում ընդգրկված են Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացը և երկկողմ հարաբերությունների խորացման հարցերը։
Խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է Անկարայի համաձայնագրի շրջանակում՝ Թուրքիայի և ԵՄ միջև քաղաքական համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Այն բաղկացած է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի (ԹԱՄԺ) և Եվրոպական խորհրդարանի հավասար թվով անդամներից։
Հիշեցնենք, որ հանձնաժողովի վերջին նիստը կայացել էր 2023թ․ դեկտեմբերի 19-20-ին՝ Անկարայում։