երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թուրքիան առաջին անգամ հորատման աշխատանքներ կսկսի Սև ծովում

Թուրքիան առաջին անգամ հորատման աշխատանքներ կսկսի Սև ծովում

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել է, որ նավթի և գազի հորատման աշխատանքներ իրականցնող թուրքական «Fatih» անունով նավը պատրաստվում է աշխատանքներ սկսել  նաև Սև ծովում, գրում է ermenihaber.am-ը:

Նշենք, որ Թուրքիան «Fatih» հորատիչ նավը անցյալ տարի ուղարկել էր Կիպրոսին պատկանող բացառիկ տնտեսական գոտում ապօրինի աշխատանքներ իրականացնելու։ 

«Ե՛վ արևելյան Միջերկրական ծովում, և՛ նաև հուլիսից սկսած Սև ծովում ծրագրում ենք մեր առաջին ազգային հորատիչ «Fatih» նավով խորը հորատման առաջին աշխատանքներն իրականացնել»,- ասել է Դյոնմեզը։

Նա Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող աշխատանքների հետ կապված նշել է, որ հավատարիմ են իրենց աշխատանքային պլանին։ 

Հիշեցնենք, որ Թուրքիան պնդում է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։ Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրենք իրավունքներ ունեն։

Թուրքիան նախկինում հորատման աշխատանքներ իրականացնելու նպատակով Կիպրոսի ափեր էր ուղարկել նաև Yavuz նավը։

  • Կիսվել: