երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թուրքական զինված ուժերը գնդակոծել են Հալեպը. տարեց տղամարդ է զոհվել

Թուրքական զինված ուժերը գնդակոծել են Հալեպը. տարեց տղամարդ է զոհվել

Թուրքական զորքերի կողմից Սիրայի Հալեպ նահանգի Թել-Ռիֆաթ շրջանի գնդակոծության ժամանակ տարեց տղամարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, այս մասին  հայտնում է քրդական ANHA գործակալությունը։

Նշվում է, որ գնդակոծության զոհ է դարձել 70-ամյա Յուսեֆ Աբդը, ևս մեկ տղամարդ վիրավորվել է։
 
2022 թվականի նոյեմբերի 20-ից Թուրքիայի ԶՈւ–ն «Ճանկ–թուր» գործողությունն է անցկացնում՝ ժամանակ առ ժամանակ օդային հարվածներ հասցնելով Սիրիայի և Իրաքի հյուսիսին։ Հարձակումը ուղղված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ։ Հարվածներ են հասցվում Քոբանի քաղաքին։
 
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում և այն կարող է սկսվել ցանկացած պահի։
 
Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։

  • Կիսվել: