շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրք ոստիկանները կհսկեն կարգուկանոնը Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ

Թուրք ոստիկանները կհսկեն կարգուկանոնը Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ

Թուրքիան 3250 ոստիկան կուղարկի Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ առանց պատասխանատվություն կրելու մարդու իրավունքների խախտման համար՝ գրում է Nordic Monitor-ը:

2021 թ. դեկտեմբերի 7-ին ստորագրված անվտանգության արձանագրության համաձայն՝ Թուրքիան 2022 թ. նոյեմբեր-դեկտեմբերին կայանալիք ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ժամանակ Կատար կուղարկի 3250 սպաներից բաղկացած ոստիկանական ուժեր, այդ թվում՝ տխրահռչակ հատուկ գործողությունների ստորաբաժանման անդամներին։ Թուրքիան պատասխանատվություն չի կրի կամ չի փոխհատուցի վնասների համար, որոնք կառաջանան թուրքական ոստիկանության գործողություններից:

Թուրքական կողմը Կատարին կօգնի նաև հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու հարցում։ Պայմանագրի համաձայն՝ Կատար գործուղվելիք ոստիկանների տեղափոխման, բնակության և այլ ծախսերը հոգալու է ընդունող երկիրը։

Թուրքիայում արձանագրության խորհրդարանական քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորները քննադատել էին թուրքական ոստիկանությանը որպես «վարձկաններ» օգտագործելու ծրագիրը:

Իրավապաշտպաններն էլ հաճախ են թուրքական ոստիկանությանը քննադատում ցույցերի ժամանակ անհամաչափ ուժ կիրառելու համար։

  • Կիսվել: