ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիայի կողմից  Սիրիայի զինված ուժերի դեմ գործողությունները կլինեն վատագույն սցենարը․ Պեսկով

Թուրքիայի կողմից Սիրիայի զինված ուժերի դեմ գործողությունները կլինեն վատագույն սցենարը․ Պեսկով

Եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սիրիայի տարածքում ռազմական գործողություն սկսի սիրիական բանակի դեմ, դա կլինի վատագույն սցենարը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանն ինչպես է պատրաստվում արձագանքել, եթե Էրդողանը ռազմական գործողություն սկսի Սիրիայի տարածքում՝ Պեսկովն ասել է․ «Եկեք առայժմ զերծ մնանք վատագույն սցենարներից» և հավելել, որ «եթե խոսքը վերաբերում է Սիրիայի Հանրապետության օրինական իշխանությունների, Սիրիայի զինված ուժերի դեմ գործողություններին, ապա դա իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակն է»։

Տեղեկացնենք, որ Էրդողանն ավելի վաղ  հայտարարել էր, թե  Սիրիայի Իդլիբ քաղաքում հանրապետության զինված ուժերի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց  է և  նշել, որ չնայած Իդլիբի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև բանակցությունների շարունակվելուն, երկու երկրները այդ հարցի շուրջ համաձայնության դեռ չեն եկել։

  • Կիսվել: