չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ծննդատան նախկին վարիչի կալանավորումը աղաղակող դեպք է. Ռոշալը՝ հայ բժշկուհու մասին

Ծննդատան նախկին վարիչի կալանավորումը աղաղակող դեպք է. Ռոշալը՝ հայ բժշկուհու մասին

Մոսկվայի №27 ծննդատան նախկին վարիչի աշխատանքից ազատումն ու կալանավորումը աղաղակող դեպք է, բժիշկները չպետք է կալանքի վերցվեն պացիենտների առողջությանը ոչ միտումնավոր վնաս հասցնելու համար, կարծում է «Ազգային բժշկական պալատ» բժշկական ընկերության նախագահ Լեոնիդ Ռոշալը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Մոսկվայի առողջապահության դեպարտամենտում պացիենտներից բողոքներ են ստացվել Ս.Ի. Սպասոկուկոցկու անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի №27 ծննդատան աշխատանքի մասին։ Դեպարտամենտը արտապլանային ներքին ծառայողական ստուգում  եւ գերատեսչական վերահսկողական միջոցառում է իրականացրել, և պարզվել է, որ ծննդատան ղեկավարությունը փոխարինվել է ամբողջ կազմով։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ռոշալը հիշեցրել է, որ ծննդատան նախկին գլխավոր բժիշկ Մարինա Սարմոսյանը կալանավորվել է։ Նա ասել է. «Ես կարծում եմ, որ աղաղակող դեպք է, երբ գլխավոր բժշկին «անփութության» պատճառով ազատում են պաշտոնից այն բանի համար, որ նրա ծննդատանը վեց հազար ծնունդներից մեկի ժամանակ նորածինը մահանում է, եւ երեքի դեպքում ինչ-որ բարդություններ են լինում։ Սա բժշկություն է, սրանք հիվանդություններ են։ Մենք աստվածներ չենք։ Ամբողջ աշխարհում էլ երեխաները մահանում են ծննդատներում ու բարդացումներ են ունենում, դա արտակարգ իրավիճակ չէ»։ 

Ռոշալը նշել է, որ կան բազմաթիվ լավ արձագանքներ №27 ծննդատան մասին. «Ես կարծում եմ, որ դա միանգամայն ահավոր է: Ոչ միտումնավոր բարդությունների համար բժիշկը չպետք է բանտ նստի»:

Հիշեցնենք, որ Սարմոսյանին մեղադրում են երեխաներին վնասելու համար՝ մոր արգանդից դուրս բերելու ժամանակ, իբր բժիշկը եւ նրա ենթակաները մերժել են պացիենտներին՝ կեսարյան հատում կատարել ծանր ծննդաբերությունների ժամանակ եւ ստիպել են ծննդաբերել բնական ճանապարհով՝ ճնշելով երեխային։ Նախնական տվյալներով՝ «ագրեսիվ ծննդաբերությունների» հետեւանքով մի նորածին մահացել է, մյուսներին ծանր վնաս է հասցվել:

  • Կիսվել: