Թրամփը հայտարարել է Իրանում ռեժիմի փաստացի փոփոխության մասին
Իրանում ռեժիմի փոփոխությունը փաստացի արդեն ընթացքի մեջ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Նա միևնույն ժամանակ զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ի կողմից կապ հաստատած իրանցի ներկայացուցիչների հետ բանակցությունները հաջողություն չունենան, ապա ռմբակոծությունները կշարունակվեն։
Թրամփը հստակեցրել է, որ բանակցությունները չեն ընթանում Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, այլ այն անձանց հետ, որոնց նա բնութագրել է որպես «շատ խելամիտ», և հավելել է, որ հակամարտության ընթացքում արդեն այնքան բարձր պաշտոնյաներ են սպանվել, որ «ինքնաբերաբար տեղի է ունենում ռեժիմի փոփոխություն»։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, ապա «պարզապես կշարունակեն ռմբակոծել՝ որքան ուզեն»։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Թրամփը Truth սոցիալական ցանցում գրել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին օրերին ունեցել են արդյունավետ բանակցություններ, ուստի ինքը 5 օրով հետաձգում է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները։
Իր հերթին Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը, հղում անելով սեփական անանուն աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ ուղղակի կամ անուղղակի շփումներ չկան։ Բանակցություններ չլինելու մասին տեղեկությունն ավելի ուշ հաստատել էր նաև Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:


