Թրամփը Հարավային Կորեային սպառնացել է մաքսատուրքերի բարձրացմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարավային Կորեայից ապրանքների մաքսատուրքերը 15-ից կբարձրացնի 25 տոկոսի, քանի որ այդ երկրի օրենսդիր մարմինը դեռ չի հաստատել անցյալ տարի հայտարարված շրջանակային առևտրային համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը մաքսատուրքերը սահմանել էր՝ հայտարարելով երկրում տնտեսական արտակարգ դրություն և շրջանցելով Կոնգրեսը։ Հարավային Կորեայում, հակառակը, պահանջվում է խորհրդարանի հավանությունն այդ համաձայնագրին:
Այսօր Կորեայի նախագահի վարչակազմն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին՝ վերահաստատելով իր հանձնառությունը անցյալ տարվա համաձայնագրին։
Ըստ գործարքի՝ Հարավային Կորեան պարտավորվել է մի քանի տարվա ընթացքում 350 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ տնտեսությունում, ինչպես նաև Վաշինգտոնից գնել 100 միլիարդ դոլարի էներգետիկ ռեսուրսներ։


