Թրամփի հայտարարություններից հետո Վենեսուելան ռազմածովային նավեր է ուղարկել՝ նավթային նավերին ուղեկցելու համար
Վենեսուելայի իշխանությունները հրամայել են ռազմածովային ուժեր տեղակայել՝ ազգային նավահանգիստներից դուրս եկող նավթամթերք տեղափոխող նավերին ուղեկցելու համար: Այս մասին տեղեկացնում է New York Times-ը։
Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վենեսուելական բեռնափոխադրումների հնարավոր արգելափակման մասին հայտարարություններից հետո։
Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 17-ի գիշերը մի քանի բեռնատար նավեր Վենեսուելայի ափերից դուրս են եկել ռազմածովային նավերի պաշտպանության ներքո։
Իր հերթին ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ Վաշինգտոնը տեղեկացված է Կարակասի գործողությունների մասին և վերլուծում է հնարավոր հետագա պատասխան միջոցառումները։
PDVSA-ն էլ՝ Վենեսուելայի պետական նավթային ընկերությունը, հայտարարել է, որ իր գործողություններին կապված նավերը շարունակում են նավարկել «լիակատար անվտանգության մեջ»՝ ունենալով անհրաժեշտ տեխնիկական աջակցություն և գործառնական երաշխիքներ՝ նավարկության ազատության իրենց օրինական իրավունքն իրականացնելու համար։
Վենեսուելայի կառավարությունը Թրամփի հայտարարություններն անվանել է անպատասխանատու և հակամարտության սրման լուրջ վտանգ ստեղծող։ Կարակասը նաև մեղադրել է Միացյալ Նահանգներին միջազգային իրավունքը խախտելու մեջ և ընդգծել, որ երկիրը կշարունակի պաշտպանել իր ազատ առևտրի, նավարկության, ինքնիշխանության և ազգային անկախության իրավունքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը հրամայել է լիակատար շրջափակել բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթատարները, որոնք ուղևորվում են Վենեսուելայի ջրային տարածքներ կամ դուրս են գալիս դրանցից։ Նա նշել է, որ սա կշարունակվի մինչև Վենեսուելան Միացյալ Նահանգներին վերադարձնի «բոլոր նավթը, հողերը և այլ ակտիվները, որոնք նրանք նախկինում գողացել են մեզանից»։
Թրամփը նաև հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմը հայտարարվել է «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»։


